ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ փոխկապակցված «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրգործի շրջանակում պետական բյուջե է վերականգնվել 800 մլն դրամ կամ $1,664 մլն, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Քրեական գործը հարուցվել է 2018թ․-ի մայիսի 2-ին և հունիսի 18-ին ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ ՍՊԸ-ն, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, 2013-2017թթ. իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը 3,527 մլն դրամ, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության ներկայացրած հաշվետվություններով առաջացրել է մոտ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման: Բացի այդ, պարզվել էր, որ ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:

Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում էր մոտ 300 մլն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվել են որոշ քննչական և դատավարական գործողություններ:

Ծանուցում. ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: