2018թ․-ի հունվարի 31-ին ԱԺ-ի ընդունած Ընտանեկան բռնության մասին օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից. ոստիկանությունը կսկսի կիրառել այն: «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նա նշել է, որ մասնագիտացված ստորաբաժանման բոլոր ոստիկանները վերապատրաստման դասընթացներ են անցել: Նրա խոսքով, իրավապահները գործակցում են սոցիալական աջակցության կենտրոնների հետ, որոնք ստեղծվել են օրենքով: Ըստ Դուրյանի, 3 պաշտպանական միջոց կա՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում. վերջինը դատարանի միջոցով է իրականացվում, առաջին երկուսը՝ ոստիկանի:

«Տուժողների հիմնական մասը կանայք են, նրանք բավականին դժվարությամբ են գալիս ոստիկանություն և հայտնում բռնության մասին: Ոչ միայն ոստիկանություն, ազգականներին, հարևաններին են նույնիսկ դժվարությամբ պատմում: Այն երկրներում, որտեղ այս օրենքը գործում է տասնյակ տարիներ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 10-րդ դեպքի ժամանակ է միայն, որ կինը գալիս է ոստիկանություն և հայտնում բռնության մասին». - նշել է Դուրյանը:

2018թ․-ի 5 ամսում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որից 40-ը՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված, 223-ը ընտանեկան բռնության դեպքերն են: 2017-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 842 բռնության դեպք, որից 41-ը՝ սեռական անձեռնմխելիության, 241-ը՝ ընտանեկան բռնության դեպք: Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 164 դեպք է եղել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 1 դեպք: Ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 10 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 16 դեպք, ընտանիքի այլ անդամների կողմից 32 դեպք է արձանագրվել: