Ֆրանսիական հեղինակավոր Agence France-Presse-ն անդրադարձել է Հայաստանում իշխանափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներին:

Նշվում է, որ հակակառավարական զանգվածային ցույցերից մոտ երկու ամիս անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկիզբ է դրել կոռուպցիայի դեմ պայքարին, որը «երկար տարիներ քայքայել է հետխորհրդային երկիրը»:

«Հայաստանցիները որևէ պատրանք չունեին իրենց նախկին իշխանությունների վերաբերյալ, սակայն պատերազմի հերոսի՝ (ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի - խմբ.) մարդասիրական օգնությամբ իր կենդանիներին կերակրելու բացահայտումը շոկի մեջ է գցել հանրությանը: Փաշինյանը հազարավոր մարդկանց է դուրս բերել փողոց՝ մեծապես հեղինակություն չվայելող նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու համար՝ ստիպելով նրան հրաժարական տալ», - գրում է ֆրանսիական լրատվամիջոցը:

Նշվում է, որ նախկին իշխող ՀՀԿ-ականները պնդում էին, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն «անօրինական է և քաղաքական դրդապատճառներ ունի», սակայն ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած ապացույցներից հետո, վերջիններս կողմ քվեարկեցին Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և անձեռնմխելիությունից զրկելուն:

Լրատվամիջոցը գրում է, որ չարաշահումներ իրականացրած ընկերությունների մեծամասնությունը կապվում է ՀՀԿ-ի հետ: