Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, որի ընթացքում Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը և տնօրեն Մարի Լու Փափազյանը նրան են ներկայացրել այնտեղ ստեղծված պայմանները, կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը:

Նշվել է, որ կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան պատանիները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Վարչապետը շրջայցի ընթացքում այցելել է կենտրոնի դասընթացների սենյակներ և աշխատարաններ, զրուցել այնտեղ սովորող պատանիների հետ, ովքեր կառավարության ղեկավարին են ներկայացրել այստեղ ստացած գիտելիքներն ու նորագույն տեխնոլոգիաների միջոցով մշակվող ծրագրերը: Կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այն հրաշալի հնարավորություն է պատանիների համար ստանալու մասնագիտական լավ կրթություն:

Կենտրոնի ուսանողները վարչապետին խնդրել են կազմակերպել նոր հանդիպում, որի ընթացքում կկարողանան նրան ուղղել տարբեր հարցեր: Նրանց մյուս խնդրանքները վերաբերում էին Հայաստանում Թումո կենտրոնների ընդլայնմանը նպաստելուն և տեղում ֆեյսբուքյան ուղիղ եթեր կազմակերպելուն: Վարչապետը դրական է արձագանքել պատանիների բոլոր խնդրանքներին, այդ թվում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի հետ կապված և սոցիալական ցանցի իր միկրոբլոգով Թումոյից դիմել իր հետևորդներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը: