Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի պահանջարկը, աշխատում է 10 տոկոս ծանրաբեռնվածությամբ, քանի որ զրկվել է եկամտաբեր բիզնեսից:
Էջմիածնում է մնացել միայն Մանվել Գրիգորյանի դուստրը` Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր է: Վերջինս արձակուրդում է, որն ավարտվելու է սեպտեմբերին, և չի բացառվում, որ արձակուրդի ավարտից հետո աշխատանքից ազատվելու դիմում գրի: Դժվար է նման, մեղմ ասած, խախտված հեղինակությամբ արդարադատություն իրականացնել»: