Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Հորդանանի հետ սահմանի Նասիբ անցակետի նկատմամբ: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը, տեղեկատվությունը հաստատել է նաև Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանը: Իրավապաշտպանների տվյալներով՝ տարածաշրջանի համար առանցքային համարվող այդ սահմանային անցակետը Բաշար ալ-Ասադի զորքերի և Ռուսաստանի ռազմական ոստիկանության ուժերի վերահսկողության տակ է անցել առանց մարտական գործողությունների՝ զինյալները իրենք են զիջել տարածքը:

Սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին հայտարարել են, որ ռուսաստանցի զինվորականների հետ Դերաա նահանգում հրադադարի շուրջ համաձայնություն են կնքել: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ զինյալները կառավարական զորքին են հանձնում ծանր սպառազինությունը, Ասադի զորքը ռուսական ռազմական ոստիկանության հետ զբաղեցնում է Հորդանանի հետ սահմանակից տարածքը, փոխարենը նրանք չեն մտնում նահանգում մի շարք բնակելի շրջաններ, որտեղ նախկին զինյալները տեղական ինքնակառավարում են կազմակերպում:

Այսպիսով, սիրիական բանակը՝ Ռուսաստանի աջակցությամբ, շաբաթներ տևած հարձակումներից հետո կարողացավ վերականգնել վերահսկողությունը Սիրիայի հարավ-արևմտյան տարածքների մեծ մասում: