ԵԼՔ դաշինքն առաջիկա երկու շաբաթների ընթացքում որոշում կկայացնի՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում հանդես կգա մեկ միասնական թեկնածուով, թե դաշինքի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը կառաջադրի առանձին թեկնածու: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ինքն ավելի շատ հակված է միասնական թեկնածու առաջադրելու գաղափարին։

«Դեռևս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ է եղել չկայացած նիստը, պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը։ Մինչ այդ, բնականաբար կլինեն քննարկումներ, թե ինչպես մասնակցենք»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Մարուքյանը միաժամանակ շեշտել է՝ եթե միասնական թեկնածու առաջադրելու որոշում չկայացվի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին:

«Այո, միանշանակ, եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն մեր կողմից՝ բնականաբար հետագա համագործակցության տեսլականով»,- նշել է խորհրդարանականը՝ հավելելով, որ կոնկրետ իրենց կուսակցությունում հնարավոր թեկնածուների հարց չի քննարկվել:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք միասնական թեկնածուով հանդես գալը կախված է «Քաղաքացիական պայմանագրից», Էդմոն Մարուքյանն ասել է. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»:

Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրել է, որ խմբակցության ղեկավարի հարց դեռևս չի քննարկվել, այդ հարցը ժամանակավորապես հետ է մղվել։