Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիան և rafting.am սպորտային ակումբը համատեղ օգոստոսի 11-ին կազմակերպում են Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը` Դեբեդ գետում։

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, rafting.am սպորտային ակումբի հիմնադիր Լիլիթ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջնության նպատակն է նպաստել ռաֆթինգ սպորտաձևի և նրա՝ որպես ազատ ժամանցի ձևի հանրայնացմանն ու զբոսաշրջային պրոդուկտ զարգացմանը:

Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ առաջնությունը կմեկնարկի Ալավերդի-Ախթալա միջպետական ճանապարհի միջնամասում:

«Առաջնությունը կորպորատիվ բնույթ է կրելու, մասնակցելու են բիզնես, պետական, միջազգային, մասնավոր, բանկային կազմակերպությունների թիմեր: Խրախուսվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը թիմերում: Հաղթող թիմը կպարգևատրվի պատվոգրով ու գավաթով, ինչպես նաև հնարավորություն կունենա Հայաստանում և արտերկում հետագայում կազմակերպվող ռաֆթինգի ազգային ու միջազգային առաջնությունների: Առաջնության ընթացքում հանգանակված գումարի 30 տոկոսը կուղղվի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների բնապահպանական կրթության ու ազատ ժամանցի կազմակերպմանը ռաֆթինգի և արշավների կազմակերպման միջոցով», - մանրամասնեց սպորտային ակումբի հիմնադիրը:

Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը հայտնեց, որ առաջնությանը կմասնակցի նաև Վրաստանի ռաֆթինգի ֆեդերացիան:

«Առաջնությունը կուղեկցվի պրոֆեսիոնալի կողմից, կպահպանվի անվտանգության բոլոր նորմերը: Մենք համագործակցում ենք թե սպորտի, թե արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որպեսզի ոլորտը լինի կարգավորված», - ասաց Մակար Սարգսյանը:

Առաջնությունը գնահատող հանձնաժողովի կազմում բացի ռաֆթինիգի պրոֆեսիոնալների, կլինի սպորտի նախարարության ներկայացուցիչն ու հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարզիչը՝ Վազգեն Բադալյանը: