ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, ինչը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազում:

«Մենք այս պահին քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է արվել: Մենք պետք է գնանք հարկային դաշտի պարզեցման և եկամտահարկի նվազեցման: Ես հիմա չեմ ուզում շատ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև մի քանի սցենարներ կան, թե մենք ինչպես ենք դրան գնալու: Ես ուղղակի հստակ ասում եմ, որ մենք եկամտահարկի իջեցում ենք ունենալու», - ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով, փոփոխություններ են լինելու նաև պետական գնումների օրենսդրության մեջ, լուրջ բարեփոխումներ են իրականացվելու հանրային կառավարման համակարգում:

«Մենք գիտենք, որ մեր հանրային կառավարման համակարգն ուռճացված է և անարդյունավետ: Ես զգում եմ, թե որքան դանդաղաշարժ է մեր պետական համակարգը, որ երբեմն այդ շարժումը դառնում է անիմաստ», - ասել է Փաշինյանը: