Բոլորը պետք է տեսյակ լինեն, թե ինչու հիվանդանոցներում սանհանգույցների դռներն անպայման պետք է դեպի դուրս բացվեն:

Եթե հիվանդը օրինակ՝ զուգարան է գնացել և կորցրել է գիտակցությունը, նրան օգնության եկած մարդիկ կարող են պատահմամբ վնասել նրան, եթե դուռը դեպի ներս բացվի:

Ստանդարտներին համապատասխանելը չափազանց կարևոր է՝ հիվանդների անվտանգությունը և բուժանձնակազմի աշխատանքի նորմալ պայմաններն ապահովելու համար, պնդում է բուժհաստատությունների նախագծման մասնագետ Ավետիս Մուրադյանը:

Նշենք, որ Ավետիս Մուրադյանն ապրում և աշխատում է ԱՄԷ-ում, որտեղ բոլոր հիվանդանոցները կառուցում և վերանորոգում են միջազգային ձեռնարկներին համապատասխան (International health facilities guidelines): Դրանք մանրամասն նկարագրում են այն ստանդարտները, որոնց պետք է համապատասխանի հիվանդանոցների ինտերիերը: Այդ բոլոր ստանդարտներն ուղղված են հիվանդների համար հիվանդանոցում գտնվելն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնելուն և բուժանձնակազմին ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելուց պաշտպանելուն:

Ստանդարտները, օրինակ, նկարագրում են, թե ինչպես պետք է մաքրել օդը վիրահատարաններում, ինչ ճնշում պետք է լինի և ինչ ֆիլտրերի միջոցով պետք է անցնի տարածքից դուրս եկող օդը, որպեսզի նվազագույնի հասցվի հիվանդի, բուժաշխատողների կամ հիվանդանոցից դուրս գտնվող մարդկանց վարակվելու վտանգը, ինչպես պետք է տեղակայված լինեն հիվանդանոցի բաժանմունքներն ու առանձին աշխատասենյակները, որտեղ պետք է գտնվեն պոտենցիալ վտանգավոր հիվանդների համար մեկուսարանները, որ միջանցքներով պետք է անցնեն հիվանդները, որով՝ ոչ: Ստանդարտները նաև տարածվում են հիվանդանոցների հատակն ու պատերը պատող նյութերին. դրանք պետք է լինեն հակաբակտերիալ:

«Այս ամենի իմաստն այն է, որ հիվանդանոց եկած մարդն այնտեղից նոր ինֆեկցիայով չհեռանա», - նշում է մասնագետը:

Ինֆեկցիաներն ամենևին էլ միակ պոտենցիալ վտանգը չեն հիվանդանոցներում. եթե հիվանդանոցի ներքին հատվածը սխալ է կառուցված, կարող է դժվարություններ առաջացնել աշխատանքում և նույնիսկ հիվանդների կյանքին սպառնացող վտանգավոր իրավիճակներ: Օրինակ, միջազգային բազմաթիվ ստանդարտների համաձայն, հիվանդանոցում միջանցքների լայնությունը պետք է լինի 2.4 մետրից ոչ պակաս, որպեսզի հնարավոր լինի միջանցքով միաժամանակ երկու մահճակալ տանել:

Ավետիս Մուրադյանի կարծիքով, եթե Հայաստանում բուժհաստատությունների համար միասնական ստանդարտներ ներդրվեն, դա կօգնի հիվանդանոցները բոլորովին նոր մակարդակի հասցնել:

«Եթե մենք ցանկանում ենք Հայաստանում զարգացնել բժշկական տուրիզմը, մեզ պետք է բուժկենտրոնների բարձր մակարդակ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Հայաստանում լավ բնություն կա, լավ սնունդ, բազմաթիվ լավ բժիշկներ, հիմա հարկավոր է անել այնպես, որպեսզի հիվանդանոցների շենքերը նույնպես պատշաճ մակարդակի վրա լինեն»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ավետիս Մուրադյանը:

Հայաստան հերթական այցի ընթացքում Մուրադյանը կապվել է առողջապահության նախարարության հետ և իր գիտելիքներն ու ծառայություններն առաջարկել: Նրան այդ քայլին մղել է նաև սփյուռքի հայերին ուղղված կոչը՝ ամեն կերպ օգնել հայրենիքին, և քայլերը, որոնք ձեռնարկում են մյուս սփյուռքահայերը:

«Ես զանգահարել եմ առողջապահության նախարարություն՝ իմ օգնությունն առաջարկելու: Ինձ ասացին ամեն ինչ նամակով շարադրել: Ես նստեցի և գրեցի այդ նամակը և, ի զարմանս ինձ, 5 րոպե անց նախարարից պատասխան ստացա, որը հետաքրքրվել էր իմ առաջարկով»,- ասաց Մուրադյանը:

Հաջորդ օրն իսկ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակից Հայկ Սայադյանի հետ հանդիպում են կազմակերպել, քննարկել են ապագա համագործակցության հարցերը, այցելել երկու հիվանդանոց՝ Արտաշատի բուժկենտրոն և Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Մուրադյանի գնահատմամբ՝ երկու բուժկենտրոններում էլ մի քանի բաժանմունքներ արդեն համապատասխանում են միջազգային ստանդարտներին, իսկ մյուսներում դեռ անելիք կա:

Մուրադյանի խոսքով՝ շատ մեծ հույսեր ունի, որ կկարողանա օգտակար լինել հայրենիքին՝ այստեղ կիրառելով իր գիտելիքներն ու փորձը՝ հիվանդանոցների մակարդակը բարձրացնելու համար, ինչը կօգնի ավելի մեծ թվով «բժշկական զբոսաշրջիկների»՝ այլ երկրներից հիվանդների գրավել: