Այսօր սկսվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Ընտրությունները նշանակվեցին, երբ ավելի քան մեկ տարի առաջ քաղաքապետի պաշտոնում ընտրված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր իշխանությունների ճնշմամբ հրաժարական տվեց, իսկ նախկին կազմով ավագանիում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն կապիտուլյացիայի ենթարկվեց՝ հրաժարվելով նոր թեկնածու առաջադրել: Երբեմնի իշխող կուսակցությունը նոր ընտրություններին չի մասնակցում:

Երևանի ավագանիում կընտրվի 65 մարդ: Ընտրությունների արդյունքներով մանդատների 40 տոկոսը ստացած քաղաքական ուժը (այդ թվում շեմը չհաղթահարածների հաշվին), բոնուսի շնորհիվ կտնօրինի տեղերի մեծամասնությունը և մայրաքաղաքի նոր քաղաքապետ կնշանակի: Երևանի քաղաքապետի հավանական թեկնածու են ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների համամասնական ցուցակները գլխավորող անձինք:

Մայրաքաղաքային ընտրարշավին մասնակցում են 12 քաղաքական ուժեր, որոնք քվեաթերթիկներում կներկայացվեն այբբենական կարգով՝

- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ցուցակը գլխավորում է «Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրացիայի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը),

- «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք («Հայ ռադիո» ԲԲԸ տնօրեն Անահիտ Թարխանյանը),

- «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք («Ծառեուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը),

- «Երկիր Ծիրանի» կուսակցություն (նրա ղեկավար Զարուհի Փոստանջյանը),

- «Ժառանգություն» կուսակցություն (նրա հիմնադիր, անկախ Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը),

- «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն (նրա ղեկավար Մանուել Գասպարյանը),

- «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք (Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն», նրան աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը),

- «Լույս» կուսակցությունների դաշինք (Փաշինյանի կառավարությունում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը),

- Հայ հեղափոխական դաշնակցություն (Անտառտնտեսության կոմիտեի ղեկավար Միքայել Մանուկյանը),

- «Հայկ» ազգայնական կուսակցություն (Գևորգ Հովսեփյանը),

- Բարեփոխիչների կուսակցություն (Արտակ Ավետյանը),

- «Օրինաց երկիր» կուսակցություն (Մհեր Շահգելդյանը):

Մայրաքաղաքային ընտրարշավի մասնակիցները սեպտեմբերի 10-21-ը Հանրային հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում կստանան անվճար և վճարովի եթեր: Հանրային հեռուստատեսությունում նախընտրական նյութերը եթեր կհեռարձակվեն 19։30-ից, Հանրային ռադիոյում՝ 21։15-ից: Սեպտեմբերի 22-ը կլինի լռության օր: Քվեարկությունը կացկացվի սեպտեմբերի 23-ին ժամը 08։00-20։00: Ընտրությունների անցկացման համար բացվել են 475 ընտրական տեղամասեր:

Փորձագետների կարծիքով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կդառնան «թավշա հեղափոխության» առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին լուրջ ներքաղաքական փորձությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ մայրաքաղաքում է բնակվում հանրապետության ընտրողների ավելի քան երրորդ մասը: