Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ'Ամորի կոմմունայում։ Դա է եղել նրա վերջին կամքը։

Այդ համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր ժամանակ անցկացնում իր ընտանիքի հետ:

«Իմ հողը՝ ֆրանսիական հողն է։ Իմ Մոնֆոր-լ'Ամորի կոմմունայում՝ 12-րդ դարի վանքում, որտեղ կառուցված է հատուկ ոչ մեծ ընտանեկան գերեզման», - ասել է Ազնավուրը։

Ելիսեյան պալատը նաև դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը կարող է անցկացվել Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է նախօրեին։ 94-ամյա շանսոնյեն իր կարիեայի ընթացքում ձայնագրել է ավելի քան 1000 երգ, թողարկել շուրջ 100 ալբոմ։ Նրա կենդանության օրոք վերջին լուսանկարը եղել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ։