Սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ ստացան Արդարադատության ակադեմիայի 2018թ-ի ունկնդիր-շրջանավարտները՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 21 անձինք: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր: Ակադեմիայի շրջանավարտները, արդեն որպես նորանշանակ քննիչներ, նաև հանդիսավորությամբ երդվեցին:

Դիմելով ներկաներին՝ ռեկտորը նշեց․

«Իմ համոզմամբ՝ հենց քննչական գործունեությունն է այն հիմքը, որի վրա խարսխվում է արդարադատության ողջ համակարգը: Այդ առումով շատ պատասխանատու, բարդ մասնագիտություն եք ընտրել: Վստահ եմ՝ այսօրվա շրջանավարտները նոր շունչ են հաղորդելու քննչական մարմիների գործունեությանը»:

Դիմելով նորանշանակ քննիչներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նշեց․

«Յուրաքանչյուր քաղաքացի՝ ի դեմս ձեզ տեսնում է պետություն: Ձեզ հետ աշխատելով՝ պետության մասին կարծիք է կազմում, և ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին: Առաջին իսկ վայրկյանից յուրաքանչյուր քրեական գործին և փաստաթղթին վերաբերվեք ամենայն պատասխանատվությամբ»:

Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն անցկացվել է Արդարադատության ակադեմիայում՝ 2018թ-ի փետրվարի 19-ից սեպտեմբերի 25-ը, ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը: