Այսօր խորհրդարանում՝ գազի և էլեկտրաէներգիայի գնի հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը ասաց․

«Սեպտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ում բնական գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնների և բաղադրիչների ամբողջական ուսումնասիրության հետ կապված աշխատանքային խումբ»:

«Հաստատվել է անհատական կազմը՝ բոլոր իրավասու կողմերի ներգրավմամբ: Հարցս հետևյալն է. այս խմբի հետ ամբողջական կամ մասնակի համագործակցություն պատկերացնո՞ւմ եք, և եթե երկու կողմերի եզրակացությունները լինեն տարբեր, ինչ խնդիրներ կարող են առաջանալ», - Միքայել Մելքումյանին հարց ուղղեց պատգամավորը։

Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց, որ տեղեկացված է աշխատանքային խմբի ստեղծման մասին, որում իր համաձայնությամբ ներգրավված է «Գազպրոմի» տնօրենը:

«Նպատակը նույնն է. քննարկել են և ժողովրդին ասել՝ սակագների հիմնավորվածությունն ինչպիսին է։ Չեմ կարծում, թե շատ տարբերություններ են լինելու , այլ հարց է, թե մասնագիտական ինչ մոտեցումներ կլինեն, օրինակ՝ շահութաբերության մակարդակի կամ ներդրումային ծրագրերի մակարդակի մասով», - ասաց նա: