Ֆրանսահայ նշանավոր երգիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ տարբեր երկրների հեռուստաալիքներ փոխում են իրենց ծրագրերը, տարբեր երկրներում կազմակերպվում են հիշատակի արարողություններ։

Աշխարհահռչակ երգչին նվիրված միջոցառում է կազմակերպվելու Հայաստանում։ Այս մասին հայտնում է Պանորաման։

Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը տեղեկացրեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու ֆրանսահայ նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրին նվիրված հուշ երեկո։ Ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները։ Այլ մանրամասներ կհայտնեն առաջիկայում։

Նշենք, որ Ելիսեյան պալատը դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը կարող է անցկացվել Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։