Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի համաձայն՝ հոկտեմբերի 21-ին Կապանում սպասվող համայնքապետի արտահերթ ընտրություններին ինքնառաջադրվել է 4 թեկնածու, որոնցից 3 անկուսակցական են, իսկ մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Թեկնածուներն են՝

- Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանը,

- «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պես Էդգար Հովհաննիսյանը,

- «Արկ» բնապահպանական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Արմեն Ղազարյանը,

- «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Փարսյանը:

Հիշեցնենք, որ այժմ Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը: Վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսին՝ այն բանից հետո, երբ հրաժարական էր տվել 2012թ-ից Կապանը ղեկավարող ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: