Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել այսօր ընդունված ԱԺ կանոնակարգում փոփոխությունները և լրացումներ կատարելու մասին օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախարարների և մարզպետների աշխատանքից ազատման մասին որոշումների՝ դե յուրե ուժի մեջ մտնելուց հետո պատրաստվում է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, որպեսզի «ոչ ոք չմտածի, թե ինքը կառչած է իր աթոռից»: Այնուհետև երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո խորհրդարանը կլուծարվի, և տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

«Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ուրեմն մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, բայց հրաժարականից հետո ողջ ընթացքում ես շարունակելու եմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները, այդպես է նախատեսված Սահմանադրությամբ» - ասեց Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթից հետո վարչապետը ուղևորվեց Ազգային ժողով՝ բանակցություններ վարելու խորհրդարանական խմբակցությունների հետ՝ «ստեղծված քաղաքական իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ»:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում կատարված փոփոխությունները թույլ կտան խորհրդարանի նիստն ընդհատել արտակարգ իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը, և շարունակվել այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները կվերացվեն: