ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկի հետ հանդիպումների ժամանակ, կարևորելով Հայաստանում ԵԽԽՎ-ի կողմից իրականացվող մոնիթորինգային գործընթացը, ակնկալիք է հայտնել, որ այսուհետ մոնիթորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կարծիքը, որը դեռ մեծամասամբ ներկայացնում է ՀՀԿ-ն և իրենց «կողմնապահ հայտարարություններով չեն ստվերի ԵԽԽՎ-ի հեղինակությունը, ինչպես նաև թույլ չեն տա, որ իրենց անունը շահարկվի քաղաքական նպատակներով»:

Վերջերս հրապարակվել էր ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա մասնավորապես ասում էր, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը ցույց է տվել, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է և կոչ արել, որ Հայաստանում հարգեն ժողովրդավարական արժեքները:

«Մի կողմ դնելով այն փաստը, որ եվրոպական շատ երկրներում, Արևելյան գործընկերության անդամ երկրներում տեղական մարմինների ընտրությունների ժամանակ գրեթե նույն չափի կամ աննշան տարբերությամբ մասնակցություն է գրանցվում, շատ տարօրինակ է նման գնահատական տալ մի հանրությանը, որը գոնե վերջին տասնամյակում երբեք այսքան շահագրգիռ չի եղել իր մասնակցությամբ քաղաքական գործընթացների վրա ազդելու առումով», - գրել է պատգամավորը:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեն, ով ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, շնորհավորեց մեզ (Հայաստանին) բացառապես խաղաղ եղանակով իշխանափոխության կապակցությամբ: ԵԽԽՎ-ի նախագահը և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի հայտնած միակ մտահոգությունը վերաբերում է ԸՕ-ի և ընտրությունների ժամկետին, Վենետիկի հանձնաժողովի հետ գործակցությանը: Միաժամանակ, ԵԽԽՎ նախագահը հատուկ ընդգծել է, որ դա իր անձնական կարծիքն է, և որ վերջնական որոշումը ՀՀ կառավարությունը պետք է կայացնի։

Նազարյանը Հանդիպել է նաև հոկտեմբերի 11-ին նոր նշանակված մոնիթորինգային խմբի համազեկուցող Անդրեյ Շիրչելի (Սլովենիա) հետ և ասել, որ պատրաստ են նոյեմբերին ընդունել մոնիթորինգային խմբին Հայաստանում, պատասխանել բոլոր հարցերին և որ որևէ խոչընդոտ չկա նրանց աշխատանքը երկրում արդյունավետ կազմակերպելու համար:

«ԵԽԽՎ գործընկերները հստակորեն ընդգծել են իրենց աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, շեշտել իրավիճակի զարգացման ողջ ընթացքում Սահմանադրության պահպանման, զոհերի և անկարգությունների բացակայության կարևորությունը և հայտնել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին իրենց օժանդակության մասին։ Միաժամանակ, առկա էր ընդհանուր ըմբռնում, որ, իրապես, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է, ինչը թույլ կտա հանգուցալուծել ներկայումս ծառացած քաղաքական ճգնաժամը։ ԵԽԽՎ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ուղարկել դիտորդական առաքելություն՝ ընտրությունները դիտարկելու համար», - գրել է Նազարյանը: