Samsung-ը ներկայացրել է 4 հիմնական տեսախցիկով աշխարհի առաջին սմարթֆոնը
Samsung ընկերությունը Կուալա Լումպուրում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Galaxy A9 սմարթֆոնը: Սա աշխարահի առաջին հեռախոսն է, որը կունենա 4 հիմնական և 2 ֆրոնտալ տեսախցիկ:
Տեսախցիկները մշակվել են հատուկ օգտատերերի տարբեր պահանջների համար: Հիմնական մոդուլն ունի 24 մեգապիկսել թողունակություն և հագեցած է օպտիկ կայունացմամբ, երկրորդ օբյեկտիվը՝ լայնանկյուն է, 8 մեգապիկսել թողունակությամբ: Երրորդն ունի կրկնակի զումով օբյեկտիվ և 10 մեգապիկսել թողունակություն, 4-րդը՝ դիմանկարային 5 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ է խորության սենսորով, գրում է Bird in Flight-ը:
Բացի սովորական ֆրոնտալ տեսախցիկից Galaxy A9-ն ունի ներկառուցված 24 մեգապիկսելանոց տեսախցիկ սելֆիի համար:
Սմարթֆոնն ունի 6,3 դյույմանոց էկրան, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև սլոթ microSD միկրոքարտերի համար: A9-ը կարտադրվի 3 երանգով՝ սև, կապույտ և վարդագույն:
Սմարթֆոնը վաճառքի կհանվի նոյեմբերին և կարժենա մոտ $730 դոլար: