Մի քանի տարվա ընդմիջումից հետո բացվել է Իսրայելի և Սիրիայի սահմանի հատման միակ պաշտոնական կետը՝ «Կունեյտրա»-ն:

Անցակետի սիրիական կողմում տեղի է ունեցել դրա բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը մասնակցել են պաշտոնական անձինք, ռուս և սիրիացի զինվորականներ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի բժիշկներ, որոնք բուժօգնություն ցուցաբերելու կետ են կազմակերպել այստեղ:

Սիրիական կողմում բարձրացվել է Սիրիայի դրոշը: Արարողությունն ավարտվել է չեզոք գոտիով դեպի Իսրայել ՄԱԿ-ի ավտոմեքենաների անցումով:

Նշենք, որ հսկիչ անցակետի բացման համար պայմաններ հայտնվեցին Սիրիայի հարավային շրջանների նկատմամբ կառավարական զորքերի վերահսկողության վերականգնումից և Իսրայելի հետ բաժանարար գիծ ՄԱԿ-ի խաղաղապահների վերադառնալուց հետո: Ավելի վաղ անցակետն սպասարկում էր հիմնականում դրուզներին, որոնց համայնքը արաբա-իսրայելական պատերազմներից հետո հայտնվել էր սահմանի տարբեր կողմերում: