Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան աշխատանքային այցով այս օրերին գտնվում է Արցախում: Այցի ընթացքում նրան ընդունել են ԱՀ Նախագահը, ԱԳ նախարարը, ինչպես նաև հանդիպում է եղել Խորհրդարանում: Լրագրողի հետ հարցազրույցում նա հայտնել է․

«Ուրախ եմ կրկին Արցախ այցելելու և Արցախի բարձրագույն իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար: Հանդիպումների ընթացքում խոսել ենք Արցախ - Եվրամիություն ուղիղ կապերի ստեղծման հնարավորությունների մասին: Անհրաժեշտ է արագացնել այս գործընթացը: Օրինակ՝ ԵՄ կառույցներում լոբբինգի համակարգը պետք է կառուցվի Եվրախորհրդարանում Արցախի ներկայացուցիչ նշանակելու միջոցով: Առաջարկել եմ նաև որպես փորձագետ՝ Արցախից երկու հոգու ներգրավել եվրոպական խորհրդարանում: Ուրախ եմ արձանագրել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են այդ հարաբերությունները ընդլայնելու և զարգացնելու համար:

Ադրբեջանի ցանկությունն է Արցախի քաղաքական և տնտեսական համակարգը խաթարելը, և այդ նպատակով Բաքուն փորձում է ահաբեկել նաև Արցախ այցելողներին: Օրինակ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ կատարած իմ նախորդ այցից հետո Բաքուն դիմեց Ինտերպոլին՝ ինձ ձերբակալելու խնդրանքով, սակայն մերժում ստացավ, քանի որ այդ կազմակերպությունը քաղաքական հարցերով չի զբաղվում», - նշել է պատգամավորը, հավելելով․

«Կարծում եմ՝ Արցախն ունի անկախ և ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները: Այստեղ կա ժողովրդավարական համակարգ, գործում են բոլոր ինստիտուտները, և այդ ամենը կարգավորված է նոր Սահմանադրությամբ: Արցախը կարողանում է կազմակերպել իր պաշտպանությունը և ունի կայացած, զարգացող տնտեսական համակարգ: Սրանք կարևոր բաղադրիչներ են, և այդ ամենը անձամբ կարող եմ հաստատել, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում ես պարբերաբար այցելում եմ Արցախ», - այսպես է ավարտել իր խոսքը Շտետինան։