Ստամբուլի Շիշլի վարչական շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցն այսուհետ կկոչվի «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ, պոլսահայ անվանի հրապարակախոս, մտավորական Հրանտ Դինքի անունով:

«Ակօս»-ի փոխանցմամբ, Ստամբուլի քաղաքապետարանի հոկտեմբերի 5-ին կայացած նիստում, քննարկվել և ընդունվել է քաղաքի վարչական շրջանների ղեկավարությունների կողմից որոշ փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկված նախագիծը:

Ըստ այդմ, անվանափոխվել են Ստամբուլի մի շարք վարչական շրջանների շուրջ 90 փողոցներ:

Որոշ փողոցներ վերանվանվում են հայտնի գործիչների անուններով, որոնց թվում են 1993թ-ին սպանված հայտնի լրագրող Ուղուր Մումջուն, հանրահայտ դերասան Մյունիր Օզքուլը, նշանավոր արձակագիր Յաշար Քեմալը և այլք: