Երկու տարի առաջ ամերիկահայ ինժեներ-ծրագրավորող Ջո Հանե Հակոբյանը տեսավ Երևանն ու Google-ի քարտեզում պարզելով, որ Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում 360 աստիճանով ինտերակտիվ զբոսանքի հնարավորություն չկա, նախաձեռնեց փողոցների լուսանկարահանում։ Հայտնում է hetq.am-ը։

Ստեղծվեց Armenia360 նախագիծը, ձևավորվեց փոքր թիմ, որն առայսօր Հայաստանը քարտեզագրում է 360 աստիճան տեխնոլոգիայով։ Ծրագրի շնորհիվ հնարավոր է Google Street View ծրագրով Երևանի կենտրոնական փողոցներում ինտերակտիվ տուր անցկացնել։ Դրա համար պարզապես պետք է Google-ի քարտեզում որոնել Երևանը, ներքևի աջ անկյունի դեղին մարդուկին ակտիվացնել և տեղափոխել կապույտով ներկված փողոցներից որևէ մեկը։ Այնուհետև սլաքների վրա սեղմելով` կարելի է տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ։

360 աստիճան տեխնոլոգիայով նկարահանումների շնորհիվ մեր տարածաշրջանի երկրներից ինտերակտիվ են միայն Թուրքիայի որոշ քաղաքներ։ Թուրքական քաղաքները նկարահանել է Google-ը։ Բաքվի և Թբիլիսիի, ինչպես նաև Թեհրանի առանձին փողոցներ լուսանկարված են, սակայն հնարավոր չէ փողոցներում վիրտուալ տեղաշարժ կատարել։

Armenia360-ի հայաստանյան ղեկավար Աննա Սիմոնյանն ասում է, որ տարածաշրջանի քաղաքական լարված դրությունը հաշվի առնելով` Ադրբեջանի օրենսդրությամբ արգելվել է նկարահանել Բաքվի փողոցները։ Հայաստանում նման արգելք չկա։ Բայց Google ընկերությունը, հաշվի առնելով նույն քաղաքական իրավիճակը, ձեռնպահ է մնացել նաև Երևանի փողոցները նկարելուց։ Երբ Armenia360 թիմը կատարել է առաջին 10 հազար լուսանկարը, Google-ը նրան հայտնել է իր վստահության մասին։ Այս տարվա մայիսին Ջոն և Աննան հրավիրվել են ընկերության կենտրոնական գրասենյակ` վերապատրաստման։

«Փոքր թիմով ենք անում ամեն ինչ։ Ընտանիքս է օգնում, վարորդ ենք վարձել։ Ջոն իր երկու տարվա աշխատավարձն ուղղել է ծրագրի իրականացմանը։ Նա ի սկզբանե ցանկացել է Հայաստանի համար օգտակար գործ անել մոր՝ Ալիս Առաքելյան-Հակոբյանի հիշատակին։ Ու քանի որ Երևանում մեծ ծավալի աշխատանք ենք կատարել, դա նվիրում ենք մայրաքաղաքի 2800-ամյակին»,- պատմում է Աննա Սիմոնյանը։

Այս պահի դրությամբ արվել է ավելի քան 100 հազար լուսանկար, որից 2000-ը` առաջին տարում։ Ջոն ինքն է արել առաջին լուսանկարները։ Ջոն հեծանիվով պտտվել է մայրաքաղաք Երևանով` սաղավարտին 360 աստիճանով նկարող տեսախցիկ։ Նա պատմում է, որ երևանցիները չէին հասկանում իր մտադրությունը և երբեմն ծիծաղում էին, թե՝ այս տարօրինակ սաղավարտով հեծանվորդն ի՞նչ է անում Երևանի փողոցներում։

Առաջին փուլում աշխատել են թույլ տեսախցիկներով, իսկ հիմա Google ընկերությունը ժամանակավորապես տրամադրել է ավելի որակյալ և պրոֆեսիոնալ տեսախցիկ։

Հիմա թիմը ֆինանսական խնդրի առաջ է։ Անհրաժեշտ է ձեռք բերել սեփական տեսախցիկ և ավարտին հասցնել ծրագիրը։ Armenia360 թիմը նպատակ ունի լուսանկարել նաև Հայաստանի՝ բնակչության թվով 10 ամենամեծ քաղաքները։ Խոսքը Երևանի, Գյումրու, Վանաձորի, Վաղարշապատի, Աբովյանի, Կապանի, Հրազդանի, Արմավիրի, Արտաշատի և Իջևանի մասին է։ Սրա համար անհրաժեշտ է 33-35 հազար ԱՄՆ դոլար։ Ֆոնդահայթայթումը կազմակերպվել է Indigogo-ում։

Եթե դրամահավաքը հաջողվի, ապա թիմը պատրաստվում է այս ցանկին միացնել նաև Ջերմուկը, Ծաղկաձորը, Գառնին, Տաթևը, Մարտունին ու Արցախի որոշ բնակավայրեր։ Այդ նպատակով համագործակցություն է ստեղծվել Արցախի տուրիզմի կոմիտեի հետ։

Armenia360 թիմում վստահ են, որ զբոսաշրջիկներ ներգրավելու համար սա անչափ կարևոր է։ Արդեն արված աշխատանքը Google-ի քարտեզում ունեցել է 9,5 մլն դիտում։