Մեղրիում նախատեսվում է իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը միտված խոշոր ծրագիր, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ մասին հայտարարել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել և բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և նշել, որ դրանք նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ՝ վերջինիս ծրագրերն արդյունավետ իրականացնելու գործում:

Գրեգ Ջերեջյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ու նշել, որ նշված ոլորտների զարգացման նպատակով կառավարությունը ևս նախատեսում է տարբեր նախագծեր: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով նշված ոլորտներում կապահովվի առաջընթաց և զարգացում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայաստանում իր գործունեության գրեթե 30 տարիների ընթացքում «Իզմիրլյան» հիմնադրամը հովանավորել է տարբեր ոլորտներում իրականացվող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում։