Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին:

Այս մասին լրագրողի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Փոխանցում է «Հետք»-ը։

Երեկ երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է գումարել, որի օրակարգում եղել է նաև սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։

Համաձայն տարածված լուրերի՝ ՀՀԿ-ն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և հինգ հոգանոց ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը, հաջորդիվ՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Էդուարդ Շարմազանով և Արմեն Աշոտյան:

Շարմազանովը հերքեց այս լուրը՝ վստահեցնելով, որ նման ցուցակ գոյություն չունի:

«ՀՀԿ-ն մասնակցության վերաբերյալ որոշում չունի, հրապարակման այդ ցուցակն էլ ֆեյք ցուցակ է, նման ցուցակ գոյություն չունի: Այդ հինգ անձանց անունից եմ ասում՝ չի քննարկվել նման հարց: Մենք մեր ցուցակը քննակելու ենք ոչ միայն գործադիր մարմնի կազմով, այլ բոլորով միասին՝ խորհրդով, տարածքային կառույցներով: Նախ` պետք է որոշենք` մասնակցո՞ւմ ենք, թե ոչ, մասնակցության ձևաչափը՝ դաշինքով ենք գնում, թե կուսակցությունով, և նոր դրանից հետո ցուցակ կազմենք: Դա նաև վիրավորական է մեր կուսակցության նկատմամբ, ի՞նչ է նշանակում կազմել հինգ հոգանոց ցուցակ. դա անհեթեթություն է»,- ասաց Շարմազանովը:

Մեր հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պաշտոնաթող նախագահը դեռևս վերջնական դիրքորոշում չի հայտնել:

Ի դեպ, գործադիր մարմնի նիստին կրկին չի մասնակցել ՀՀԿ առաջին փոխնախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջիկայում Կարեն Կարապետյանը հրաժարվելու է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն պարզ չէ՝ լքելո՞ւ է կուսակցությունը, թե ոչ:

Թե երբ կլինի կուսակցության խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կքննարկվի Կարեն Կարապետյանի՝ կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու հարցը, Էդուարդ Շարմազանովը չհստակեցրեց:

«Կարեն Կարապետյանը գործադիր մարմնի նիստին չկար, բայց մենք Կարեն Կարապետյանի հետ պարբերաբար շփվում ենք, նա կուսակից ընկերների հետ ակտիվ շփվում է և շատ նորմալ հարաբերություններ ունի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով․

«Այս պահի դրությամբ կուսակցության նախագահի փոփոխության հարց չկա օրակագում, նման հարցերը համագումարով է լինում, նախատեսում էինք հունվար-փետրվար ամիսներին համագումար հրավիրել, բայց քանի որ հարգելի պարոն Փաշինյանն ամեն ինչ տարավ ափալ-թափալ ռեժիմով, իսկ մենք համագումար ոչ թե ձևական ենք անում, այլ իրական, որ պատվիրակներ լինեն, ժողովներ, քննարկումներ, իսկ դրա համար ժամանակ չկա, իսկ եթե ընտրությունները մայիս-հունիս ամիսներին լիներ, կհասցնեինք»: