Ավելի քան մեկ ժամ տևած ՀՀԿ խմբակցության պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը՝ ընտրական օրենսգրքի քննարկումների թեմայով, ավարտվեց:

Տեղեկացնենք, որ հանդիպմանը ներկա էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահն է, Դանիել Իոաննիսյանը՝ հանձնաժողովի քարտուղարը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ընտրական բարեփոխումների խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ցավով եմ արձանագրում, որ կառավարական հանձնաժողովը, որ ստեղծվել էր նախագիծը մշակելու համար, ինտենսիվ չաշխատեց խորհրդարանում 4 ֆրակցիաների ստեղծած աշխատանքային խմբի հետ, ավելին՝ այդ խմբի տված առաջարկները հաշվի չեն առնվել այս նախագծում»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ այս քննարկումները հետքայլ են ընտրական օրենսգրքի նախորդ քննարկումներից՝ «4+4+4» ձևաչափով քննարկումներից, ինչը, ըստ Սարգսյանի, միջազգային հանրության կողմից մեծ վստահության և աջակցության արժանացավ:

«Մենք այսօր իմացանք, որ ընդամենը օրեր առաջ է Վենետիկի հանձնաժողով ուղարկվել նախագիծը, այն էլ ոչ վերջնական տարբերակը, պարոն Միրզոյանն ուղիղ ասաց՝ վստահ է, որ չեն հասցնելու ստանան պատասխան, հնարավոր է՝ հարցազրույցի տեսքով ինչ-որ մեկը կարծիք ասի: Դա անարգանք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ: Ես կարծում եմ, որ այն հապճեպությունը, որը մենք տեսնում ենք, պայմանավորված է մեկ հանգամանքով՝ գործադիր իշխանությունը համարում է, որ քաղաքական առումով իր համար նպատակահարմար է ընտրություններ անցկացնելը և գնում է մի քայլի, որով իրականում մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանը»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ ներկայացված նախագիծը կառավարության ծրագրի գործնական խոստումները չի արտացոլում, ինչպես կրկնաքվեարկությունները բացառելը, դռնեդուռ գնալով` ընտրացուցակները մաքրելը և տեխնիկական նոր միջոցներ ներդնելը.

«Այս երեք կետից որևէ մեկն այս օրենսգրքով կատարված չէ»,- ասաց նա:

Թե ինչպես կքվեարկի նախագծին ՀՀԿ-ն, դեռ պարզ չէ, Սարգսյանի խոսքով՝ պետք է քննարկեն:

«Ես համոզմունք ունեի, որ կառավարությունն այս հապճեպությամբ բերում է այս նախագիծը, որպեսզի այն չանցնի և այն դարձնի քաղաքական հերթական հիստերիայի և քարոզչության առարկա: Այսօր մի քանի անգամ ամրապնդեցի իմ այդ կարծիքը, քանի որ պարոն Միրզոյանն ասաց՝ ահա, շատ լավն է այդ փաստարկը չընդունելու համար, այսինքն իմ մոտ տպավորություն կա, որ կառավարությունը, այս նախագիծը բերելով, ուզում է կատարած լինել իր նախընտրական խոստումը, այնուհետև ձեռքերը լվա, ասի՝ դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստով ընդունել է ընտրական օրենսգրքում և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու հարցը: