ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի՝ 2018թ-ի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հրապարակած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվել է հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը:

«Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ: Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա­իրավական խնդիրների մասին», - ասվում է հայտարարության մեջ:

Նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ «Ծառուկյան», «Հանրապետական» և «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունները կողմ էին քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի՝ խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ինչից հետո այն ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրության հավաքվել խորհրդարանի բակում՝ ԱԺ լուծարման և դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով:

Այդ ժամանակ վարչապետը կառավարությունից հեռացրեց նաև ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին: