ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ դա «իսկապես գործող կապ է»:

«Այո, օպերատիվ կապը հաստատվել է: Օպերատիվ կապի հաստատումը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ այն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը», - ասել է Նաղդալյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հոկտեմբերի 23-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողի վիրավորման դեպքից հետո կապի կիրառում եղե՞լ է՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է.

«Երեկ կապի կիրառելիության հետ կապված, ասեմ, որ կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար, դա իսկապես գործող կապ է»:

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը: