Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող Horasis կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Horasis-ի գալիք հանդիպումներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերն առաջարկել է ՀՀ նախագահին 2019թ-ին Պորտուգալիայում կայանալիք Horasis-ի տարեկան հանդիպմանը հանդես գալ որպես հատուկ բանախոս։

Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը հայաստանյան վերլուծական կենտրոնների հետ, ինչպես նաև համատեղ ծրագրերը կրթության ոլորտում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Horasis-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: Horasis-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կորպորացիաների տնօրեններ։

Արմեն Սարգսյանը Ժնևում նաև աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն Vertex Venture Holdings վենչուրային ընկերության, շվեյցարական Swiss Sustainable Finance, գերմանական հանրահայտ Siemens ընկերությունների խմբի մեջ մտնող Siemens Financial Services կազմակերպության ղեկավարության հետ։

Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն էր: