Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը միշտ գտնվում է հայկական կողմի օրակարգում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադռանալով Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը:

Ինչ վերաբերում է բուն ամերիկյան ուղղաթիռների վաճառքին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն արձագանքել է.

«Մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ նախատեսված արտակարգ իրավիճակներում կիրառելու համար և չեն կարող ունենալ ռազմական կիրառելիություն:

Սպառազինության մրցավազքը միշտ հայկական կողմի օրակարգում է և մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին զերծ մնալ այն գործողություններին, որոնք նպաստելու են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին կամ անկայունությանը», - ասել է Աննա Նաղդալյանը:

Նոր ուղղաթիռների վաճառքի մասին տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մասնավորապես նշելով.

«Ամիսներ առաջ խոսեցի Bell 412 ուղղաթիռների մասին: Մեր հասաարակության մեջ շատերը պնդում էին, որ դրանք քաղաքացիական են և անհանգստանալու առիթ չկա: Հիմա Ադրբեջանն ունի ամբողջությամբ ռազմական MD-530F հարվածային ուղղաթիռներ` Cayuse Warrior: Եթե նախորդ անգամ մեծ աղմուկ անեինք, նման բան չէր լինի: Ինձ համար կարևոր է հասկանալ, արդյոք սա որտեղի՞ց են ձեռք բերել և արդյոք այն վաճառվել է մեր՝ Սիրիա գնալու որոշումից հետո»:

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անվտանգության և խաղաղության մթնոլորտի ձևավորումը՝ շեշտելով, որ ՀՀ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։