«Հետք»-ի՝ սեպտեմբերի 24-ին հրապարակած «Ընտրյալների թաղամասը» վերտառությամբ հրապարակման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 8-ին՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ստուգման են ենթարկվում հրապարակման մեջ տեղ գտած բոլոր հանգամանքները:

Հիշեցնենք, որ «Ընտրյալների թաղամասը» հրապարակմամբ անդրադարձել էինք Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցներում տեղակայված նախկին և ներկա պաշտոնյաների առանձնատներին։ Ներկայացրել էինք այս տարածքում պաշտոնյաների կողմից սեփականաշնորհված հողերի, բնակելի տների կառուցապատման գործարքները։ Պարզվել էր, որ որոշ պաշտոնյաներ համայնքից անհատույց կարգով հողեր էին վերցրել ներդրումային, սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, սակայն հետագայում սեփականաշնորհել էին դրանք։

Նշենք, որ Ազատության պողոտայում և Բաբայան փողոցում առանձնատներ, հողակտորներ ունեն նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա որդին, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, գործող պատգամավորներ Միհրան Պողոսյանը, Սեյրան Սարոյանը, Վահան Հարությունյանն ու նրա եղբարը, ԱԺ նախկին նախագահներ Արմեն Խաչատրյանը և Տիգրան Թորոսյանը, նախկին պատգամավորներ Գագիկ Աբրահամյանն ու Հովհաննես Սոֆոյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։