ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի հարազատները դեռևս դիրքորոշում չեն հայտնել նրա մասով գործի վարույթը շարունակելու կամ մահվան հիմքով կարճելու վերաբերյալ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր գնդի գրավման գործով դատական նիստ, որը հետաձգվեց՝ հաշվի առնելով վերը նշված հանգամանքը:

Արայիկ Խանդոյանի հարզատներից որևէ մեկը դատարան չէր ներկայացել: Գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը դատարանին հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ հարազատները դատարան չներկայանալն ու դիրքորոշում չհայտնելը պայմանավորված է հանգամանքով, որ Խանդոյանի մահվան վերաբերյալ փաստաթղթերը դեռևս չունեն:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից:

Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը տասը ժամով հեռացվեց նիստերի դահլիճից: Վերջինս նիստից ուշացել էր, որի դատճառով դատական նիստն ուշ էր սկսվել:

Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց դատարան ուշ ներկայանալու պատճառը, Կյուրեղյանը նշեց, որ խցանման մեջ է եղել: Դատավորն ասաց, որ, հաշվի առնելով հանգամանքը, որ նախկինում նման դեպք չի եղել, չի ցանկանում անդրադառնալ Կյուրեղյանի ուշանալու փաստին:

Կյուրեղյանը, սակայն շարունակեց ինչ- որ բան ասել, ու դատարանը նրան պարզաբանեց որ ուշացումները կարող են դիտարկվել իբրև գործի քննությունից խուսափում: Ամբաստանյալի նկատմամբ երկու անգամ նախազգուշացման սանկցիա կիառելուց հետո վերջինս շարունակում էր վիճաբանել ու ասաց, որ դատարանը կարող է իր նկատմամբ նաև երրորդ սանկցիան կիրառել, որից հետո դատավորը նրան տասը ժամով հեռացրեց դահլիճից: