«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություններ հոկտեմբերի 21-25-ին Փարիզում մեր երկրի սննդարտադրության ոլորտի ներուժն են ներկայացնում «SIAL Paris» միջազգային ցուցահանդեսում։ «SIAL Paris»-ը ոլորտի նշանակալի ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում են սնունդ և խմիչք արտադրող 7000-ից ավելի ընկերություններ՝ աշխարհի 106 երկրներից։ Ցուցահանդեսի բացման օրը մեր երկրի տաղավար է այցելել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Բիզնես Արմենիա»-ն տեղեկացնում է, որ Հայաստանի տաղավարը միջազգային խոշոր և միջին դիստրիբյուտորներին ներկայացնում է օրգանական մեղր, մրգային և բանջարեղենային պահածոներ, մակարոնեղեն, վերամշակված մսամթերք, գարեջուր, կոմպոտներ, հանքային ջուր, թեյ, առանց շաքարի պահածոյացված մրգեր և ջեմեր։

«Սա հեռանկարային ու ճիշտ մարքեթինգային քայլ է։ Մեր երկիրը վերջին տարիներին ակտիվորեն աշխատել է դեպի ռուսական շուկա արտահանման ուղղությամբ, սակայն եվրոպական շուկայում ներկայանալը, եվրոպական դիստրիբյուտորների պահանջներին ու ստանդարտներին ծանոթանալը արտահանման պայմանագրեր ձեռք բերելուց բացի, մեծապես կնպաստի հայաստանյան արտադրանքի որակի ու մարքեթինգի զարգացմանը»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։

Հենց ցուցահանդեսի ընթացքում արդեն արտահանման պայմանագրեր են կնքվել։ «SIAL Paris-2018»-ում դիստրիբյուտորների ուշադրությունը գրավել են հայկական օրգանական մեղրը, ջեմերը, չրերը, թեյերը, առանց շաքարի պահածոյացված մրգերը։