ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որը թույլ է տալիս երկարաձգել Իրանից ներկրվող նավթի նկատմամբ կիրառվող էմբարգոն և հրաժարվել իրանական նավթի մատակարարումից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Նախագահի ստորագրած հուշագիրն ուղղված է ԱՄՆ պետդեպարտամենտին, ինչպես նաև ֆինանսների և էներգետիկայի նախարարություններին: Փաստաթղթում ասվում է, որ այն կազմվել է նավթի համաշխարհային շուկայի «մանրակրկիտ վերլուծությունից» հետո:

Թրամփն ընդգծել է, որ աշխարհում տարբեր երկրների կողմից բավարար քանակությամբ նավթ ու նավթամթերք է արտադրվում, որպեսզի Միացյալ նահանգները կարողանա բավարարել իր պահանջներն ու «զգալիորեն նվազեցնի» Իրանից դրանց գնման ծավալները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խրհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր չէ վնասել դաշնակից այն պետություններին, որոնք կախում ունեն իրանական նավթի մատակարարումից: