«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ականները հայտնվել են բարդ իրավիճակում։ Ընտրական օրենսգրքի տապալումից, պարզվում է, տուժելու է առաջին հերթին հենց ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կանգնեցրել է փաստի առաջ՝ նրանց առջև պայման են դրել՝ ով ուզում է ցուցակում լինել, պետք է նաև ռեյտինգայինով առաջադրվի։ Այդ թվում՝ «քաղաքական թևը»․ Արմեն Աշոտյան, Շարմազանով, ՀՀԿ-ական կանայք ու մյուսները, որոնք մինչ օրս խորհրդարանում իրենց տեղն ամրագրել են ռեյտինգայինների ծախսած փողերի ու բերած ձայների հաշվին։

Հիմա նրանք ստիպված են լինելու «թևերը քշտած»՝ մտնել թեժ պայքարի մեջ, որտեղ պարզ կերևա, թե ով որքան կշիռ ու հեղինակություն ունի։ Սա արդեն իսկ անհանգստություն է առաջացրել որոշ հանրապետականների շրջանում, որոնք խնդիր ունեն նորից հաջորդ ԱԺ-ում լինելու, բայց, բնականաբար, հասկանում են, որ ռեյտինգայինով գնալը հեշտ բան չէ։ ՀՀԿ-ն այս քայլին ճարահատյալ է գնում, քանի որ նրա համար մշտապես ձայն ապահոված ռեյտինգայիններն այսօր «թռել» են իրենց վրայից՝ անցնելով Նիկոլի կողմը։

Արդյունքում ամեն ինչ մնացել է գաղափարական հանրապետականների փխրուն ուսերին։ Կարճ ասած՝ Ընտրական օրենսգրքի տապալումը, իրականում, ՀՀԿ-ականների շահերից չէր բխում, պարզապես «հանուն սկզբունքի» տապալեցին ու ընկան կրակը»: