Վենետիկի հանձնաժողովի նախագահը ողջունել է ՀՀ ԸՕ-ում բարեփոխումների նախաձեռնությունը
Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Հայաստանի Ընտրական օրենսգրքում նախանշված բարեփոխումները: Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին՝ ողջունելով ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքներին օժանդակելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու համար: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները միտված են եղել առավելագույնս ազատ, արդար և թափանցիկ ընտրական համակարգի ձևավորմանը և հավելել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ համագործակցությունն ու բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունը:
Ջաննի Բուքիքիոն նշել է, որ հանձնաժողովը դրական է գնահատում բարեփոխումները, քանի որ դրանք միտված են քվեարկության իրավունքի իրականացմանը, դիտորդների իրավունքների պաշտպանությանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին, ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացմանը և այլն: Վենետիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ընտրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում հաջողությամբ կիրականացվի, հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն քննարկել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին վերաբերվող տարբեր հարցեր, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունն անելու է առավելագույնը՝ կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները կասկածներ չեն հարուցի որևէ մեկի մոտ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ շարժվում է ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված ուղղություններով բարեփոխումները առաջնահերթություն են, իսկ ժողովրդավարության զարգացումը մեր հասարակության համար ներքին պահանջ է, համոզմունք և հիմնարար արժեք:
Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չի ընդունվել: Քվեարկությանը մասնակցել է 63 պատգամավոր, կողմ է քվեարկել 62-ը, մինչդեռ օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:Այսպիսով, Հայաստանը դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կգնա հին օրենսգրքով, որը ենթադրում է վարկանշային ընտրական համակարգ: