Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել։

Փաշինյանի այս հայտարարությունը լայն արձագանք էր գտել ինչպես սոցցանցերում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում, քանի որ խիստ ռեալ էր համարվել նմանօրինակ հայտարարությունից հետո Հայաստանի նկատմամբ Իրանի վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը այն մասին՝ արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից սահմանի հնարավոր փակման մասին հայտարարությունից հետո Իրանը Հայաստանին ամերիկամե՞տ է դիտարկում և փոխե՞լ է արդյոք բարեկամական վերաբերմունքը, նշել է․

«Իրանը Հայաստանին միանշանակորեն ամերիկամետ պետություն չի համարում։ Մինչ այս պահը եղած ուղերձներից դատելով՝ նման դիրքորոշում իրանական կողմից չկա։ Ավելին ասեմ, ամերիկամետ լինելու վերաբերյալ մեսիջներ կան Ադրբեջանի հասցեին։ Հայաստանի նկատմամբ նման միտում չկա։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստը խիստ հասկանալի է եղել Իրանի համար։ Որքանով ես եմ հետևում, իրանական կողմից որևէ բացասական արձագանք, հայտարարություն չի եղել։

Զուտ համատեքստի խնդիր է։ Այսինքն՝ նա խոսում էր արևելքից և արևմուտքից առկա Հայաստանի փակ սահմանների և հայ-իրանական սահմանի՝ դե ֆակտո փակման մասին»,- ընդգծեց Արտյոմ Տոնոյանը։ Փոխանցում է panorama.am-ը։

Իրանագետի համոզմամբ՝ հայ-իրանական սահմանի փակումը Հայաստանի համար ամենաանցանկալի սցենարը կարող է լինել։ Սահմանի հնարավոր փակում, ըստ իրանագետի, կարող է լինել միայն արտակարգ իրավիճակներում, ինչպես օրինակ, պատերազմական վիճակն է։

«Միաժամանակ, պետք է աչքի տակ ունենալ բոլոր հնարավոր սցենարները։ Եթե, Աստված մի արասցե, Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողություններ տեղի ունենան, պետք է հասկանալ այն ամենը, ինչը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ չխոսվեր սահմանի փակման հավանականության մասին»,- ամփոփեց Արտյոմ Տոնոյանը։

Հավելենք, որ վերջին շրջանում իրանցիների թիվը Երևանում էականորեն նվազել է, և տեսակետ կա, որ դրա պատճառը կարող է Իրանի զգուշավորությունը լինել՝ ճշգրտումների այս ժամանակահատվածում իր քաղաքացիներին հնարավորինս հետ պահել Հայաստան այցելություններից։

Պարզելու՝ իսկապե՞ս իրանցիների թիվը վերջին շրջանում նվազել է, և եթե այո, որոնք են հնարավոր պատճառները, գրավոր հարցում ուղարկելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, ստացվել է պատասխան

Դեսպանատնից պատասխանեցին, որ իրենք վիճակագրական տվյալներ չունեն, օգտվում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տվյալներից։

Ինչ վերաբերում է իրանցիների թվաքանակի նվազելու մասին հարցին, դեսպանատնից հերքեցին, որ նման բան կա, նշեցին, որ իրենք նմանօրիանկ դիտարկումներ չունեն։ Իրանցի այն գործարարները, ովքեր տարիներ շարունակ աշխատում են Հայաստանում, ըստ դեսպանության, շարունակում են իրենց բնականոն գործունեությունը ծավալել։ Ինչ վերաբերում է իրանցի զբոսաշրջիկկների թվի նվազեցմանը, դեսպանատնից դա բնականոն որակեցին՝ նշված հանգամանքը պայմանավորելով սեպտեմբերի վերջից Իրանում մեկնարկած ուսումնական տարով, ինչպես նաև եղանակային պայմաններով։ Դիվանագիտական ներկայացուցչությունից հույս հայտնեցին, որ գարնանը՝ Նովրուզ Բայրամի ժամանակաշրջանում, Հայաստան կրկին մեծ թվով իրանցիներ կժամանեն։