ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղություն չի ուզում, այդ խաղաղությունը նրան պետք է պարտադրել։ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ քաղաքական գործիչը, մասնավորապես, նշել է.

«Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններից հետո գոնե պիտի սթափվել։ Դնում եմ մի կողմ, որ մեր հասարակության մեջ վերջին ամիսներին բույն դրած Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման արշավը երկարացրել է Ադրբեջանի նախագահի լեզուն։ Անտեսում եմ Սերժ Սարգսյանից մշտապես կաշկանդվող, իսկ այսօր նրա հետևից վայրահաչող Ալիևի հանդգնությունը։

Բայց, պարոնայք իշխանավորներ, դադարեցրեք ձեր անհարկի պացիֆիստական զեղումները, հերիք հրճվեք գերտերությունների ժամանակավոր շահերով պայմանավորված ու Դուշանբեի վերելակում ֆորմալացված լարվածության հարաբերական թուլացմամբ։

Արդեն պարզ է, որ ձեզ պարզապես արտահերթ ընտրությունները անցկացնելու ժամանակ են տվել ու կոմֆորտ պայմաններ ստեղծել։

Մտածեք, ի՞նչ եք անելու հետո, երբ ստանաք ձայների մեծամասնությունը։ Ինչպե՞ս եք շարունակելու բանակցությունները, ո՞նց եք վերականգնելու երկրի քաղաքական դիմադրողականությունը։

Ալիևը չի ուզում խաղաղություն, այդ խաղաղությունը իրեն պետք է պարտադրել»։