Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք հայրենիքը։ Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ Աստանայում Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր ուր գնում եմ, մոտավորապես այս կարգի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործում մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը», - ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի ասել է Փաշինյանը:

«Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար», - նշել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ:

«Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ Հայաստանից մեկնածների և վերադարձածների բալանսը պլյուս 13 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ մեր առաջիկա գործունեության ընթացքում այս 13 հազարը կդառնա 130 հազար, 200 հազար, 1 մլն 300 հազար և մենք կունենանք նոր մակարդակի պետություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանն առաջնորդվի հետևյալ կարգախոսով. երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն: Գիտեմ, որ մեր ուժերը մեկտեղելով ի վերջո կհասնենք այդ նպատակին», - ընդգծել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաև պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում։

Ընդգծվել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնի, թե ոլորտում ինչ ներուժ ունենք․

«Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը»։

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցին` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է:

«Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը` մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից, նշում են, որ այնպիսի տպավորություն են ստանում, որ Հայաստանը մի ընտանիք է: Սա է ամենակարևոր փոփոխությունը: Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը: Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998թ-ից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն», - ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Այս տարվա ապրիլին մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը և ասել, որ այսպես շարունակել չի կարելի: Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է և իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն: Մեր երկրին հասցվել են վնասներ, և ներքին, և արտաքին քաղաքական միջավայրում: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: