Հանձնվել են դիպլոմներ՝ 2018թ. շրջանավարտ-դատավորների թեկնածուներին
Նոյեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ 2018թ-ի շրջանավարտների՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Հովսեփ Բեդևյանը, Ակադեմիայի աշխատակազմը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին․
«Այսօր դատավորների թեկնածուների հերթական սերունդն է ավարտում Ակադեմիան: Բարդ էր գուցե ուսումնառության 7 և կես ամիսը, բայց ձեզ հետ յուրաքանչյուր շփում ինձ հույս է տալիս ասելու, որ դուք պատրաստ եք իրականացնել այդ մեծ առաքելությունը՝ արդարադատությունը»,- նշեց ռեկտորը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց․
«Այսօր դատավորից շատ ավելին է պահանջվում, քան երբևիցե եղել է: Մասնավորապես, նոր դատական օրենսգրքով առաջ են քաշվում նոր պահանջներ, նոր մեխանիզմներ, որոնք պահանջում են որոշակի հոգեբանություն, իրավական մշակույթ, արդարադատական մշակույթ և մարդկային կայացած որակներ, որի շրջանակում հնարավոր կլինի այդ արդարադատությունն իրականացնել»:
Ռեկտորը Ակադեմիայի դիպլոմներ հանձնեց դատավորի 10 թեկնածուի՝ 5-ը՝ քրեական, 5-ը՝ քաղաքացիական մասնագիտացումներով, ընդ որում նրանցից 1-ը՝ Արցախի Հանրապետությունից է: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1026 ակադեմիական ժամ է՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: