Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ իրեն արգելել են դուրս գալ Ռուսաստանից:

«Ինչ-որ մի նամակ կա, ըստ որի արգելվում է մեկնումը, սակայն բացատրություն չկա»,- սոցցանցի իր էջում գրել է Նավալնին:

Նա նշել է, որ պետք է ուղևորվի Ստրասբուրգ՝ Եվրոպական դատարանի վճռի հրապարակմանը ներկա գտնվելու համար: ՄԻԵԴ-ը նոյեմբերի 15-ին պետք է վերջնական վճիռ հրապարակի Նավալնիի հայցով՝ 2012-2014թթ.-ին մասսայական միջոցառումների ժամանակ բերման ենթարկվելու հետ կապված:

2017թ-ին ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Ռուսաստանը Նավալնիին պետք է վճարի 63,7 հզր եվրո՝ 2012-2014թթ.-ին հանրահավաքների ընթացքում նրան 7 անգամ ձերբակալելու համար:

Նավալնին պնդում է, որ ՌԴ իրավապահ մարմինները պարբերաբար անօրինական կերպով իրեն բերման են ենթարկել մասսայական հավաքների ժամանակ, նաև մեղադրանքներ են առաջադրել ադմինիստրատիվ իրավախախտումների համար: Ընդդիմադիր գործչի ձերբակալությունները որակվել են որպես ոչ իրավաչափ: