Ռումինիայի վարչապետը մերժել է Եվրամիության քննադատությունը, որ երկիրը չի կատարում ժողովրդավարական բարեփոխումներ, և պնդել է, որ Բուխարեստը պատրաստ է հաջորդ տարի ստանձնել ԵՄ նախագահությունը:

Վիորիկա Դենչիլեն զեկույցը անվանել է «շատ անարդարացի» և քաղաքական դրդապատճառներ ունեցող:

Նախագահ Կլաուս Յոհաննիսը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ռումինական կառավարությունը պատրաստ չէ ստանձնել ԵՄ նախագահությունը, և պահանջել էր կառավարության հրաժարականը: Այդ հայտարարությունը, սակայն, մերժվեց վարչապետի կողմից, ով հավաստիացնում է, որ Ռումինիան պատրաստ է նախագահության՝ ինչպես ծրագրի, այնպես էլ կազմակերպչական տեսանկյունից: