Գյուղատնտեսության բնագավառը պետք է լինի նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված և լինի մրցունակ. ԱԺ-ում 2019թ-ի պետբյուջեի քննարկմանը հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը:

Ըստ նրա՝ այս ոլորտում կա ցածր արտադրողականություն, մարդկային ռեսուրսների ոչ օպտիմալ օգտագործում:

«Մեր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է»,- ասաց նա: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այսօր թույլ են զարգացած գյուղոլորտի կրթական և խորհրդատվական կենտրոնները և պետք է աջակցեն դրանց զարգացմանը:

Գյուղնախարարի պաշտոնակատարն ասաց, որ նախատեսված է 2019թ-ին ԿԳ գործընկերների հետ ստեղծել անասնապահական միջին մասնագիտական քոլեջ, որտեղ երկու տարում կարելի ձեռք բերել գիտելիք անասնաբուծության զարգացման մասին:

Բացի այդ, Գեղամ Գևորգյանը նշեց, որ Արմավիրի մարզում մտադիր են ստեղծել փորձացուցադրական դաշտ, որտեղ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան տեսնել ավանդական և ոչ անվանդական մշակաբույսերի մշակման լավագույն փորձը:

Նախարարի պաշտոնակատարը կարևորեց նաև վարելահողերի նպատակային օգտագործման ծավալների ընդլայնումը:

«Գաղտնիք չէ, որ այսօր մեր հողերի 40 տոկոսը չեն օգտագործվում, պետք է իրական մեխանիզմներ ստեղծել, որ օգտագործեն, օրենսդրական նախաձեռնություն ստեղծել, որ անձին չզրկելով սեփականության իրավունքից, հնարավորություն լինի վարձակալության տալ»,- ասաց նա:

Նա նաև խոսեց ոռոգման խնդրից, և ասաց, որ այստեղ երկու խնդիր կա, մեկը տարածքների ընդլայնումն է, մյուսը ժամանակակից ոռոգման համակարգերի կիրառումը:

«Ջրի խնդիրը տարեցտարի աշխարհում սրվում է, ծրագրեր են մշակվում, որ ներդնեն ժամանակից ոռոգման համակարգեր, կաթիլային, անձրևային համակարգեր»,- ասաց նա:

Ըստ նրա՝ նաև մեքենատրակտորային պարկի թարմացումն է գերխնդիր:

«Ֆինանսավորվելու է լիզինգի տոկոսդրույքը, պետք է սուբիսդավորում տալ»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ իրականացնելու են աշխարհագրական նշումներով գյուղմթերքի արտադրության համակարգի ներդրում:

«Պիլոտայինը լինելու է գինու ոլորտում»,- ասաց նա: