Առնվազն 50 մարդ է զոհվել Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել են տեղի իշխանությունները:

Գրեթե բոլոր զոհերի մարմինները հայտնաբերվել են Փարադայս քաղաքի տարածքում: Եվս 2 մարդ է զոհվել առափնյա Մալիբուում: Զոհվածների իրական թիվը կարող է ավելին լինել, քանի որ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, գրում է Deutsche Welle-ն:

Արդեն 7-րդ օրը մոլեգնող հրդեհներն առավելագույն թվով զոհերի պատճառ են դարձել Կալիֆորնիայի ամբողջ պատմության մեջ:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 450 քկմ: Միաժամանակ անտառներն այրվում են մի քանի վայրում: Որպես պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի: