Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից հայտնի գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի գործով: Այդ մասին Արման Թաթոյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Մայրապետյանին տեսակցել է մոտ մեկ շաբաթ առաջ:

«Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ եմ պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է», - ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ առաջադրված հարցերը վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակին։

«Բարձրացրել ենք հարց, որը վերաբերում էր Հ2-ի գործունեությանը, որովհետև, ըստ ինձ ներկայացված բողոքի, Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է նաև լրատվամիջոցի գործունեության վրա», - ասել է նա։

Արման Թաթոյանի խոսքով՝ բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի հարցը, սակայն դեռ պատասխաններ չեն ստացել իրավապահ մարմիններից։