Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից ու մանրամասնում, որ խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:

Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրելու է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումները, լուծելու է դրանց ենթակայության հարցը, գործնական աջակցություն է ցուցաբերելու դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս:

Բացի այդ խմբի գործառույթների մեջ է մտնում նաև պատշաճ և օպերատիվ լուսաբանմամբ իրականացվող աշխատանքների հրապարակայնության ապահովումը:

«Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ
բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով սերտորեն համագործակցել ՀՀ ԿԸՀ-ի, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների,
ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների հետ:

ՀՀ գլխավոր դատախազը դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին հանձնարարել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալու հարցը լուծել հնարավոր
ամենասեղմ ժամկետներումում»,- հայտնում են դատախազությունից։