Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով իջեցվում է եկամտահարկի և շահութահարկի շեմը:

 - Եկամտահարկը կհամահարթեցվի․

Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23%, 28% և 36% դրույքաչափեր: Հիմնավորման մեջ նշվում է, որ եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որը կազմում է մոտ 25.1-25.2%, բավական բարձր է, և չի նպաստում ինչպես տնտեսական աճին, այնպես էլ աղքատության կրճատմանը, ավելին, եկամտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկամուտների իրական մեծությունների թերհայտարարագրմանը։

Անցում է կատարվում եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019թ-ի հուլիսի 1-ից սահմանելով 23%, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023թ աստիճանաբար կնվազի մինչև 20% տոկոս:

Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:

 - Շահութահարկը 20%-ից կնվազի 18%-ի․

2020թ-ի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ սահմանելով 18 տոկոս:

Նշվում է, որ շահութահարկի գծով հարկային բեռը մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը խոչընդոտում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը։

Շահութահարկի դրույքաչափի նվազեցման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով: