Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար երկիրը լավ կադրային ներուժ ունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած խնդիրներին:

Նա հավելել է, որ կազմակերպության նորմատիվ բազան որևէ կոնկրետ լուծում չի նախատեսում այն դեպքի համար, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից իր լիազորությունների կատարումն անհնար է: Մնացականյանը շեշտել է նաև, որ որոշումները ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱԳ պաշտոնակատարը հավելել է նաև, որ ՀԱՊԿ հեղինակությունը, կենսունակությունը և արդյունավետությունը չափազանց կարևոր են Հայաստանի համար:

«Որպես ՀԱՊԿ անդամ մենք շահագրգռված ենք, որ կազմակերպությունն ամոււր լինի, և մեր ավանդն ենք բերում այդ գործին»,- ասել է նա:

Մնացականյանը շեշտել է նաև, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գործող քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, քանի որ ծագել էին ներքին բնույթի իրավական խնդիրներ:

«Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի հենց սկզբից տարանջատի կազմակերպությունն ու մեր երկրի ներքին խնդիրները»,- ասել է Մնացականյանը: