ԱՄՆ-ն չի բացառել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ըստ նրա, հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Անկարայի և Վաշինգթոնի միջև: Պաշտոնյան նշել է նաև, որ միևնույն ժամանակ դրական առաջընթաց են գրանցել բանակցությունները՝ Թուրքիայի կողմից ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման ուղղությամբ:

«Չեմ կարող ասել՝ պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ այդ Ս-400-ների գործարքի պատճառով, թե՝ ոչ, այնուամենայնիվ նման հավանականություն կա: ԱՄՆ վարչակազմը դրական տրամադրվածություն չունի այս հարցով», - նշել է պաշտոնյան:

Ըստ նրա, չնայած Թուրքիան ինքնիշխան երկիր է, որը կարող է ՌԴ-ից սպառազինություն գնելու որոշում կայացնել, այնուամենայնիվ, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր գործարքը համարվում է խնդրահարույց:

«Այն շրջաններում, որտեղ հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ են թռչում, Ս-400-ները վտանգ են ներկայացնում», - եզրափակել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: