ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը:

Կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված մեկնաբանության մեջ նա նշել է, որ Աստանայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ մի քանի մոտեցում է դիտարկվել, այդ թվում ռոտացիոն կարգով պաշտոնն այբբենական կարգով փոխանցելը: Այդ դեպքում հաջորդ պետությունը Բելառուսն է:

«Հենց այդ սկզբունքի մասին է խոսել Ղազախստանի նախագահը` ամփոփելով Աստանայում տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Մյուս դիրքորոշումը այն է, որ Հայաստանի ներկայացուցիչը շարունակի պաշտոնավարել մինչ եռամյա ժամկետի ավարտը: Շատ երկրներ այդ քայլի էֆեկտիվության հարց են բարձրացնում»,- ասված է մեկնաբանության մեջ:

Նրա խոսքով, ՀԱՊԿ խորհուրդը շարունակում է քննարկել այդ հարցը կառուցողականության ու գործընկերային տրամաբանության մեջ:

«Ընդ որում ցանկանում եմ նշել, որ ցանկացած դեպքում որոշումն ընդունվելու է շաբաթ օրը ՀԱՊԿ վեց անդամների մասնակցությամբ կոնսենսունով` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Մեծ հույս ունեմ, որ ԶԼՄ-ները զերծ կմնան տարբեր մեկնաբանություններից, որոնք չեն արտացոլում իրականությունը` կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացների հետ»,- ասել է նա: